ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Հենց Հարավային Կովկասում է Ռուսաստանը փորձում ապահովել «առաջնային շահերի» գոտին

Հենց Հարավային Կովկասում է Ռուսաստանը փորձում ապահովել «առաջնային շահերի» գոտին
24.02.2009 | 00:00

«ՓԼՈՒԶՈՒՄԸ ՆԱԽ ՍԿՍՎՈՒՄ Է ՈՒՂԵՂՆԵՐՈՒՄ»
«Պատերազմը միշտ էլ լուրջ քաղաքական նպատակների հասնելու միջոց է։ Պատերազմը միայն քաղաքական ակտ չէ, այլ քաղաքականության գործիք, քաղաքական հարաբերությունների շարունակություն կամ դրանց իրագործում այլ միջոցներով»։
Կարլ ֆոն Կլաուզևից Գերմանացի քաղաքական և ռազմական գործիչ
Այս օրերին ռուսական բազմաթիվ ԶԼՄ-ներ տարածեցին տեղեկատվություն, թե 2009-ի փետրվարի 20-ին ընդունվել է Մերձկարպատյան Ռուսիայի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության մասին դեկրետը։ Այն հիմնված է Ռուսինական ժողովրդական տրիբունալի այս տարվա հունվարի 5-ի որոշումների վրա։ Փաստաթղթում հղում է արվում «ուկրաինական 18-ամյա ոչ օրինական կառավարմանը», Կարպատներից հարավ ընկած Ռուսինների երկրի տարածքն անեքսիայի ենթարկելու փորձերին և «տարածաշրջանի ժողովրդի ցեղասպանությանը»։ Արձանագրվում է, որ Մերձկարպատյան Ռուսիայի Հանրապետությունը մտադիր է ընդգրկվել ԵՎՐԱԶԵՍ-ի մեջ և ռուսական ռուբլու գոտում, ինչպես նաև ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի կազմում (հավանական է, որ ՀԱՊԿ ընդունվելու հայտը կհանձնվի կազմակերպության ղեկավարությանը, ինչը, բացի Ռուսաստանից, մյուս երկրների հիացմունքը չի առաջացնի, ինչպես եղավ Հարավային Օսիայի և Աբխազիայի պարագայում)։ Բացի այդ, հայտարարվել է, թե Մերձկարպատյան Ռուսիայի Հանրապետությունում թույլատրված է երկքաղաքացիությունը, և հասկանալի է, թե ինչ է դրա տակ ենթադրվում, եթե նկատի ունենանք Կովկասում և Ղրիմում ստեղծված ծանր իրավիճակը։
Միաժամանակ այս ամենին հետևեցին ռուսական քաղաքական գործիչների մեկնաբանությունները։ «Այն փաստը, որ ռուսիններն արմատականացնում են իրենց պահանջները, պայմանավորված է նրանով, որ ՈՒկրաինայի կենտրոնական իշխանությունն անտեսում է այդ խնդիրը»,- հայտարարեց ռուսական Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի նախագահի տեղակալ, ոչ անհայտ Կոնստանտին Զատուլինը, ինչին ի պատասխան ՈՒկրաինայի անվտանգության ծառայության կողմից տարածվեց հաղորդագրություն, թե անդրկարպատյան անջատականներին ֆինանսավորում են ռուսական քաղաքական գործիչները, ովքեր ուզում են հեղինակություն վաստակել ՈՒկրաինայի տարածքի հաշվին։
Այս թեմայի արծարծումը նպատակահարմար է այն տեսանկյունից, թե ինչու են ռուսները հերթական անգամ հակամարտության իրավիճակ ստեղծում հետխորհրդային տարածքում։ Մանավանդ որ հնարավոր հակամարտության գոտին գտնվում է ՈՒկրաինայի առավել հակառուսական տրամադրություններ ունեցող արևմտյան մասում, և դժվար չէ ենթադրել, որ այս պարագայում դեկլարատիվ հայտարարություններից մինչև արյունահեղություն մի քայլ է։
ԵՎ այստեղ հարկ է հիշել մի շարք արևմտյան քաղաքագետների ու փորձագետների զգուշացումներն այն մասին, որ տնտեսական ճգնաժամի և աճող սոցիալական լարվածության պայմաններում Կրեմլին այլ բան չի մնում, քան գործի գցել ներքին «ռեպրեսիվ մեքենան» կամ էլ սկսել իրականացնել երկրի սահմանների շուրջ ու ազգային ծայրամասերում «վերահսկելի քաոսի» քաղաքականություն։ Ոչ անհայտ Ջորջ Սորոսն այս կապակցությամբ նշել է. «Քանի դեռ էներգակիրների գները չեն սկսել աճել, իսկ ռուսական տնտեսությունը դրա հաշվին չի վերականգնվել, դա կարող է բերել Ռուսաստանի նոր ռազմական ավանտյուրաներին իր սահմաններից դուրս և ռեպրեսիաների ուժեղացման երկրի ներսում»։ Սորոսի կարծիքով՝ Մոսկվան շարունակելու է վարել վախեցնելու քաղաքականություն` փորձելով վերականգնել ԽՍՀՄ-ի երբեմնի հզորությունը։
Դժվար է այս մտքին վերաբերվել իբրև քաղաքական ֆանտազիայի, հատկապես եթե նկատի ունենանք բնակչության դժգոհ զանգվածների հսկայական ակցիան Կալինինգրադից մինչև Վլադիվոստոկ, շաբաթ օրը Մոսկվայում «Սոլիդարնոստ» նոր ընդդիմադիր շարժման անցկացրած հանրահավաքը։ Իսկ այդ շարժման մեջ են հայտնի քաղաքական գործիչներ, և միլիցիան էլ հրաժարվել է ճնշել բողոքի դրսևորումները։ Հենց որ մարդիկ կոլեկտիվ գիտակցության մակարդակում սկսում են հասկանալ իշխանության սխալները, սոցիալական ռիսկերը թռիչքաձև աճ են արձանագրում, և ցանկացած ճգնաժամային դրսևորում կարող է տաքացնել այդ «կաթսան»։ Ռուսաստանում այդպես է եղել 1917-ի հոկտեմբերին և 1991-ի օգոստոսին։ ՈՒշադրության է արժանի նաև սթափեցնող վիճակագրությունը. Ռուսաստանում դեկտեմբերին արդյունաբերությունն անկում է ապրել 10,3 տոկոսով, երկրի ոսկու և վալյուտային պաշարները նվազել են 207,8 մլրդ դոլարով այն դեպքում, երբ հասել էին 595,9 մլրդ դոլարի։ Կապիտալի ընդհանուր արտահոսքը կազմել է 130 մլրդ դոլար։ Այսինքն, չնայած հասարակությանը հեռուստատեսային «վիրտուալ իրականության» մեջ սուզելու փորձերին, երկրում առկա է գիտակցում, որ հարաբերական բարեկեցությունը կառուցված էր միայն հումքի արտահանման վրա, ինչը նման է ավազի և անշեղորեն փլուզվում է։
Եվ այդ պահին, ինչպես միշտ լինում է խառը ժամանակներում, իշխանությանն օգնության են գալիս երկու փորձված կարգախոս. «Խփենք՝ փրկենք Ռուսաստանը», կամ «Ոտքի՛ ել, երկի՛ր ահռելի»։ Եվ եթե չկա իրական թշնամի, իսկ «քեռի Սեմի»` իբրև գլխավոր մեղավորի, կերպարի տիրաժավորումը լավ է պաշտոնական քարոզչության համար, բայց անպետք է իրական հակադրություն ստեղծելու տեսանկյունից, ապա այդ թշնամուն պետք է հորինել, հաղորդել նրան բովանդակություն, դարձնել ատելի զանգվածային գիտակցության մեջ։ Ինչպես ասում են կրեմլյան իշխանության բարձունքներում, պետք է «թրջել» քարոզչական ամբողջ ծրագրին համապատասխան։ Կարելի է ենթադրել, որ Կրեմլում լավ են սովորել աշխարհի չափ հին այն ճշմարտությունը, որ պատերազմներն ամենից հաճախ սկսում են հենց նրանք, ովքեր որոշել են ինչ-որ մեկին պատին դեմ տալ, քան նրանք, ում պատին են դեմ տվել։ Մանավանդ որ «հանգստացնող միջոցների» հարցում սեփական ժողովրդի ընտրությունն այնքան էլ մեծ չէ, իսկ սառեցված, մխացող և պոտենցիալ հակամարտությունները նախկին միության լայնածավալ տարածքներում չի կարող հաշվել ոչ ոք։
«Ջեյմսթաունի ֆոնդ» ամերիկյան վերլուծական կենտրոնը զգուշացնում է, որ Կովկասում 2009-ին կարող է նոր, արյունահեղ ջարդ լինել։ Այս կառույցի հեղինակությունը կասկածի տակ չէ արևմտյան աշխարհում, քանի որ ֆոնդը ռուսական քաղաքականության վերլուծության տասնամյակների փորձ ունի, և նրա ծառայություններից օգտվում են ԱՄՆ-ի հետախուզական կառույցները։ «Քանի դեռ ձյունը ծածկել է կովկասյան լեռնանցքները, Վրաստանի հետ մինչև մայիս պատերազմի վերսկսումն անհնարին է։ Մոսկվայում հուսով են, թե վրացական ընդդիմությունը դեռ կարող է տապալել Սաակաշվիլու ռեժիմը, կամ էլ Օբամայի վարչակազմն այս կամ այն կերպ նրան կհեռացնի ասպարեզից։ Սակայն եթե մինչև մայիս Սաակաշվիլին մնա իշխանության գլուխ, ապա Ռուսաստանը պատրաստ է լրջորեն դիտարկել ռազմական միջամտությունն իբրև նրան իշխանությունից հեռացնելու միջոց։ Արևմուտքի ցանկությունը՝ «լիցքաթափել» Մոսկվայի հետ հարաբերությունները՝ Վրաստանի հարցը չլուծված թողնելով, կարող է Մոսկվայում մեկնաբանվել իբրև Ռուսաստանի կողմից ռազմական ուժ օգտագործելու վերաբերյալ լուռ համաձայնություն»,- նշում են ամերիկյան փորձագետները։ Ռուսաստանը գործնականում կորցրել է Հարավային Կովկասում մոդերատորի իր կարգավիճակը և ցանկություն ունի հենց այս տարածաշրջանում հնարավորինս նոր խաղի կանոններ հաստատել՝ մետրոպոլիայի իր երբեմնի կարգավիճակը վերականգնելու համար։ Դա վերաբերում է ոչ միայն Վրաստանին, թեկուզ նրա օրինակն ավելի արդիական է հայտնի օգոստոսյան իրադարձություններից հետո։ Հենց Հարավային Կովկասում է Ռուսաստանը փորձում ապահովել «առաջնային շահերի» գոտին, ինչի մասին հայտարարեց Դմիտրի Մեդվեդևը։ Մանավանդ որ դա են թելադրում նաև էներգետիկ շահերը։
Միևնույն ժամանակ Արևմուտքն ակնհայտորեն մտադիր չէ իր համար կարևոր ռազմավարական տարածաշրջանում հանգիստ հետևել «ռուսական խաղերին»։ Ոչ շատ վաղուց ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն, ծովակալ Դենիս Բլերը հանդես եկավ տարեկան զեկույցով ազգային անվտանգությանն ուղղված մարտահրավերների վերաբերյալ, որտեղ հատուկ նշանակություն է տրված Կովկասին։ «Ադրբեջանը զգուշանում է Կոսովոյի անկախության հռչակման արդյունքում հնարավոր մեկուսացումից, մանավանդ որ Ռուսաստանը ճանաչել է Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունը, միաժամանակ հայ-թուրքական հարաբերությունների բարելավման միտումներ կան։ Հայաստանը մտահոգ է Ադրբեջանի կողմից ռազմական ներուժի մեծացմամբ և չի ցանկանում կախվածության մեջ լինել Ռուսաստանից»,- նշել է Դ. Բլերը։ Տարբեր մարտահրավերների շարքում նա մասնավորապես արձանագրել է, որ Ռուսաստանը փորձում է փոխել միջազգային քաղաքական ու տնտեսական կարգը։ Հետխորհրդային տարածքում իրավիճակը գնահատելիս ամերիկյան հետախուզությունը մատնացույց է անում այնպիսի «թեժ կետեր», ինչպիսիք են Հարավային Օսիան, Աբխազիան, Ղարաբաղը, ՈՒկրաինան, Բելառուսը, Կենտրոնական Ասիան։ Լեհաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար և իր իսկ բնորոշմամբ՝ սառը պատերազմի հին զինվոր Ռոբերտ Գեյթսը հայտարարեց. «Իշխանության բարձրագույն էշելոններում մոտ ժամանակներս տեղի կունենա առաջնահերթությունների վերարժևորում, որպեսզի Մոսկվայի հետ հարաբերությունների բարելավման ցանկությունը հավասարակշռվի նրա որոշ գործողություններից բխող մտահոգություններով»։ Հայտնի քաղաքագետ Արիել Քոենն իր հերթին կարծիք է հայտնել, թե նույնիսկ տնտեսական ճգնաժամի պայմաններում Կրեմլը չի թուլացնում իր ճնշումը «մերձավոր արտասահմանի» երկրների վրա։ «Ամերիկան չի կարող թույլ տալ, որ Մոսկվան ամրապնդի իր հաջողությունները Եվրասիայում և հատկապես Կովկասում։ ԱՄՆ-ը նորանկախ պետություններին չպետք է թողնի ճակատագրի քմահաճույքին՝ հանձնելով նրանց Ռուսաստանի ազդեցության դաշտ»։
Այսպիսով, կարելի է ենթադրել, որ ռուսական մարտահրավերները ոչ միայն լսելի են աշխարհում, այլև կարժանանան համարժեք արձագանքի։ Ինչի՞ կհանգեցնի դա։ Բոլոր վերջին ռուսական պատերազմները, ինչպես իրական, այնպես էլ տնտեսական, վկայում են, որ «փլուզումը նախ սկսվում է ուղեղներում»։ Հիմա ամբողջ աշխարհում հասունանում է վճռական պահը. տեղի է ունենում նոր իրավիճակի գնահատում և նախորդ սխալների իմաստավորում։ Հասկանալի է, որ Ռուսաստանը նույնպես պետք է համարժեք պատասխաններ գտնի այն էգոիստական հավակնություններին, որոնց էությունն իշխանության պահպանումն է և արտոնյալ ու հեշտ եկամուտների ստացումը։ Հարբեցողը չի հասկանում իր ընտրած ուղու կործանարարությունը։ Նրանք, ովքեր խողովակաշարերից և ոչ միշտ օրինական միջոցներով փող աշխատելուց բացի այլ բան չեն ընդունում, նույնպես դա չեն հասկանում։
Սոնա ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 3192

Մեկնաբանություններ